Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Ֆրունզիկը

Ֆրունզիկը
13.01.2024 | 17:10

«Միմինո» ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանի կերտած Ռուբիկ Խաչիկյանի կերպարը նշանակալից ստացվեց, և շատերն են ասում, որ դա դերասանի լավագույն դերն է կինոյում։

Բայց չէ՞ որ եթե այն ժամանակ մետաղադրամն այլ դիրքով ընկներ, նա այս ֆիլմում չէր էլ խաղա։ Եվ ֆիլմն էլ բոլորովին այլ կլիներ։

Երբ Բոլշևոյում մենք գրեցինք այն ամենը, ինչ պատահում է Վրաստանում և մեր հերոսը ժամանում է Մոսկվա, հարց ծագեց.

-Նա հյուրանոցում մենա՞կ է ապրում, թե՞ ինչ-որ մեկի հետ։

-Ինչ-որ մեկի հետ։

-Ո՞ւմ հետ, Լեոնովի՞ թե՞ Մկրտչյանի։

Միմինոյի հետ նույն համարում տեղավորեցինք Լեոնովին (սվերդլովսկցի էնդոկրինոլոգ)։ Հետաքրքիր է ստացվում։ Բերեցինք Ֆրունզիկին (լենինականցի վարորդ)՝ դարձյալ հետաքրքիր է։ Որոշեցինք, որ Լեոնովը արծիվն է, Ֆրունզիկը՝ գիրը։ Օդ գցեցինք մետաղադրամը։ Գիր ընկավ։ Եվ Կուշներյովը նույն երեկո թռավ Երևան, որպեսզի Մկրտչյանին ազատի ներկայացումներից։

Առաջին անգամ ես Ֆրունզիկին նկարահանել էի իմ «Երեսուներեքը» ֆիլմում, հետո՝ «Մի վշտանա»-ում։ Այստեղ նա մի ռեպլիկ ունի՝ «Կոնֆետ ուզո՞ւմ ես։ Չկա´»: Ես այս ֆիլմը ցուցադրել եմ աշխարհի շատ երկրներում, ամեն անգամ և՛ մեզանում, և՛ արտասահմանում այս ռեպլիկին հաջորդում են քրքիջն ու ծափերը։

Իսկ «Միմինոյից» հետո նրա շատ ռեպլիկներ մեջբերվում են մինչև օրս, թեև անցել է երեսուն տարի։ Մի մասը հիշվում է, որովհետև ծիծաղ է հարուցում. «Ես քրքջոցներս դրել էի», «Դու և նա սապոգի երկու զույգը չեք»։

Բայց կան նաև միանգամայն սովորական արտահայտություններ։ Նախաճաշի ժամանակ Խաչիկյանը Վալիկոյին հարցնում է.

-Դուք ինչո՞ւ կեֆիր չեք ուտում։ Չե՞ք սիրում։

Ի՞նչ մի հիշելու բան է. բայց արի ու տես, որ այս ֆրազն էլ են մինչ օրս կրկնում։ Վստահ եմ, որ եթե նույն բանն ասեր մեկ այլ դերասան, ոչ թե Մկրտչյանը, հազիվ թե հիշողության մեջ մնար նույնիսկ դիտումից անմիջապես հետո։

Մեր նկարահանման ժամանակ շատ ցուրտ էր, սառնամանիքը հասնում էր մինուս քառասունի: Մինչդեռ զգեստներն ընտրվել էին ամռանը: Բուբան թիկնոց էր ընտրել, իսկ Ֆրունզիկը՝ մի կարճ կուրտկա: Ես ասել էի, որ ցուրտ է լինելու:

«Կովկասցի են, չէ՞, որտեղի՞ց տաք հագուստ ունենան»,-առարկում էին նրանք:

Այդ ձմեռը հազվագյուտ դաժան էր: «Խաչիկյանը և Վալիկոն Մեծ թատրոնի մոտ են» տեսարանը նկարահանում էինք՝ երբ մինուս 36 էր: Խեղճերն իրենց բաժինն ստացան: Բուբային ու Ֆրունզիկին նայել չէր լինում:

Եվ քանի որ դրսի նկարահանումներն հիմնականում քաղաքի կենտրոնում էին կատարվում, ընդմիջմանը ես նրանց մեր տուն էի տանում ճաշելու (մայրս համեղ ճաշեր էր եփում): Մենք հաց էինք ուտում ու քննարկում այն տեսարանները, որոնք դեռ պետք է նկարահանեինք այդ օրը:

Եվ ահա ի հայտ եկավ Ֆրունզիկի անզուսպ երևակայությունը. նա առաջարկում էր անսահման շատ տարբերակներ, որոնցից մեզ պարզապես մնում էր ընտրել: Ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանված են սցենարի «խախտմամբ»: Սա էր մորս եփած ճաշերի արդյունքը: Այսպես օրինակ, սցենարի համաձայն Մեծ թատրոնից հետո, երբ Միմինոն և Ռուբիկը բակ են մտնում և տեսնում, որ Կրազը չկա, գտնում են հարևան բակում և Ռուբիկը ուրախությունից համբուրում է մեքենան, և որովհետև սառնամանիք է՝ շրթունքները կպչում են երկաթին:

Մինչդեռ Ֆրունզիկի առաջարկած տարբերակով երբ Միմինոն գնում է միլիցիա կանչելու, Խաչիկյանը բակում է մնում հսկելու հետքերը: Եվ երբ բակ է ուզում մտնել մի մարդ, նա սպառնալից բարձրացնում է մի ծանր սառցաբեկոր և ասում.

-Հարազատ, եղբոր պես եմ քեզ խնդրում, մի մոտենա, չի կարելի, այստեղ հետքեր կան:

Ավտոմեքենան փնտրելու ընթացքում սանդուղքի վրա հանդիպեցինք իմ սան, ռեժիսոր Վիկտոր Կրյուչկովին, որն իմ տուն էր գալիս: Նա էլ խաղաց անցորդի դերը:

Ֆրունզիկը հորինում էր նաև իր հերոսի ռեպլիկները: «Ես էդպես եմ կարծում», «Ես մի խելոք բան ասեմ, միայն թե դու չնեղանաս» ռեպլիկները նույնպես սցենարում չկային, դրանք հորինել է Ֆրունզիկը (Երբ ասում եմ՝ «սցենարում չկար» նկատի ունեմ այն սցենարը, որով մենք նկարում էինք և որն անընդհատ փոխվում էր):

Նա մի առանձնահատուկ ձիրք էլ ուներ. հնչյունավորման ժամանակ երբ նրա հերոսը էկրանին մի վայրկյան բացում էր բերանը (չպպացնում էր կամ պարզապես շրթունքները շարժում), Ֆրունզիկը հաջողեցնում էր միշտ տեղին ու համահունչ մի բառ խցկել այդտեղ:

Ու մեկ էլ Ֆրունզիկը շատ լավ կարողանում էր համր դեր ցույց տալ: Մի համար ուներ, թե ինչպես մեկը ջրացատկի աշտարակից ջուրն է նետվում ու սուզվում, և մայրս ամեն անգամ, երբ նա մեր տուն էր գալիս, խնդրում էր կրկնել այդ համարը:

Ֆրունզիկը վեր էր կենում սեղանի մոտից, և մենք ասես տեսնում էինք, թե նա ինչպես է սանդուղքով բարձրանում աշտարակ, մոտենում է հարթակին, պատրաստվում, և նետվելով ջուրը՝ սուզվում:

Եվ ամեն անգամ,-մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչի հաշվին,-պարզ էր դառնում, որ ահա´ ցատկեց ռուսը, սա վրացին է, իսկ հիմա՝ հայը, և նույնիսկ հասկանալի էր, որ հիմա էլ ցատկում է չինացին, թեև Ֆրունզիկն այդ ամենն անում էր լուռ ու մունջ, նույնիսկ աչքերը չէր կկոցում:

Մեծ դերասան էր Ֆրունզիկ Մկրտչյանը:

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ

Ֆրունզիկը մեր ֆիլմում հայի դեր էր կատարում, և ես կարևորում էի, որ նրա հերոսը դուր գա հայերին կամ գոնե չնյարդայնացնի: Առաջին դիտմանը ես կանչեցի ռեժիսոր Էդիկ Քեոսայանին: Նկարը Էդիկին դուր եկավ: «Մարդկային կինո է,-ասաց նա,-հիմա դա քիչ է պատահում»:

-Իսկ հայը ո՞նց էր...

-Սոկրատես չէ, իհարկե, բայց լավ տղա է: Հուսալի ընկեր է:

Ի դեպ, հայն ու վրացին երբևէ թշնամանք չեն ունեցել միմյանց հանդեպ: Բայց բանավեճ ու քննարկում, թե ով է ավելի հին, ավելի իմաստուն, ով է ավելի լավ ֆուտբոլ խաղում՝ միշտ են եղել ու կլինեն:

Կինեմատոգրաֆիստների հայկական միության քարտուղար, կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը զանգահարեց ինձ և պատմեց.

Տեղ է հասնում «Միմինոյի» առաջին պատճենը Կինոյի տանը ցուցադրելու համար: Հավաքում է քարտուղարներին, նստում են դիտելու: Վրացիները հայի են նկարահանել: Հաստատ մի խայթոց կլինի: Նայում են: Հայտնվում է զվարճալի, համակրելի հայ Ռուբիկ Խաչիկյանը: Հաջորդ տեսարանում պարում է. վատ չի պարում: Հետո՝ վրացուն անվադող է տալիս: Նորմալ տղա է, բան չես ասի: Բայց ահա վրացին արտասահմանից զանգահարում է և հեռախոսավարուհուն ասում, որ ուզում է Դիլիջան զանգել: Բայց հեռախոսավարուհին ասում է՝ «Հնարավոր չէ»:-«Իսկ Թելավի՞»-հարցնում է վրացին: «Այո, իհարկե: Խնդրեմ, խոսեք»,-ասում է հեռախոսավարուհին: «Ըհը´, էդպես էլ գիտեինք. Դիլիջան հնարավոր չէ, իսկ Թելավի՝ խնդրեմ: Բայց իրենց էդ Թելավիի տեղն ո՞վ գիտե: Իսկ Դիլիջանը համաշխարհային համբավ ունեցող առողջարան է»:

Բայց վրդովմունքը կարճ է տևում: Պարզվում է, որ հեռախոսավարուհին Թելավին շփոթել է Թել-Ավիվի հետ: Կինոն վերջանում է, և այդպես էլ որևէ վիրավորական բան չեն գտնում:

-Ահա ես էլ զանգում եմ, որովհետև բոլորը խնդրեցին շնորհավորել և շնորհակալություն հայտնել լավ ֆիլմի համար,-ասաց Դովլաթյանը,-մենակ թե Դիլիջանի ընկերները խնդրում են քեզ գալ այստեղ՝ Դիլիջան, որպեսզի հասկանաս, որ Դիլիջանի ջուրը աշխարհում ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղն է գրավում:

ԳԻՆ ԵՄ ԿՈՏՐՈՒՄ

Անկեղծ ասած, ըստ սցենարի աշխարհում երկրորդ տեղը գրավում էր ոչ թե Դիլիջանի, այլ Լենինականի ջուրը: Բայց Գիա Ղանճելին ինձ խնդրեց (նա ամեն ամառ Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տուն էր գնում իր սիմֆոնիաները գրելու).

-Չի՞ կարելի այնպես անել, որ Խաչիկյանը ոչ թե լենինականցի լինի, այլ դիլիջանցի:

-Չի կարելի:

-Ինչո՞ւ:

-Որովհետև Դիլիջանը առողջարան է, իսկ Խաչիկյանն էլ ոչ թե կոմպոզիտոր է, այլ վարորդ:

-Բայց Դիլիջանում էլ վարորդներ կան, չէ՞:

Ղանճելիի հագին գեղեցիկ մի կուրտկա կար, լայն վերնաշապիկ էր հիշեցնում:

-Որտեղի՞ց ես այս կուրտկան գնել,-հարցրի ես:

-Չեմ հիշում:

-Սիրուն է: Ես հենց մի էսպիսի բան եմ փնտրում:

-Վերցրո´ւ,-Ղանճելին հանեց կուրտկան և տվեց ինձ:-Շորթի´չ...

Այդպես Խաչիկյանը բնակություն հաստատեց Դիլիջանում:

Շատ տարիներ անց այդ կուրտկան ինձ ու Ռեզո Գաբրիաձեին հարկավոր եղավ Իսրայելում, Թել-Ավիվում, ուր ժամանել էինք «Անձնագիրը» ֆիլմի սցենարը գրելու:

Տեղ հասնելու հաջորդ օրը մեզ անսպասելիորեն ընդունելության կանչեց Իսրայելի նախագահ պարոն Հերցոգը: Ռեզոն այն ժամանակ պիջակ չուներ (վստահ չեմ, որ հիմա ունի), իսկ ես հետս վերցրել էի Գիա Ղանճելիի կուրտկան, որը ձեռք էի գցել ստեղծագործական փոխզիջման միջոցով:

Համարում ցուրտ էր (ամբողջ հզորությամբ փչում էր օդորակիչը), և ես կուրտկայով էի քնել: Մենք արդուկեցինք այդ կուրտկան, Ռեզոն հագավ, ես նրա վզին փողկապ կապեցի, և նախագահի ընդունելությանը ընկերս լավ էլ պաշտոնական ու պատկառազդու տեսք ուներ (դա միակ անգամն էր, որ ես Ռեզոյի վզին փողկապ եմ տեսել):

Գեորգի Դանելիա (1930-2019), կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

(«Тостуемый пьет до дна» գրքից թարգմ. Կարլ Յալանուզյան)

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 5419

Մեկնաբանություններ